Զաքարյան Մինաս Կամ ել հէտ ...

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈՀԵՄ

Քաղաքն է իմ մեջ և ես քաղաքի,

Ներկայից անցյալ գույներ են ծորում,

Դեմքեր եմ փնտրում լուսե փրփուրում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ մարդի՜կ, շենքե՜ր, մայթե՜ր հարազատ,

Աստվածաժպիտ՝ Երվանդ քոչարի,

Իմ խումհարի մեջ քաղաքն եմ խմում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ֆրունզի հետքերով հոգիս եմ պեղում,

Հասնում դալանին Պոդպոմոգվի,

Աշունն իր դեղին հուշերն է հեղում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Բանաստեղծության վարդերն են թաղվում

Լուրթ կնճիռներում Փարաջանովի,

Նռան գույնով է անձրևը մաղում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Լևոն Ներսիսյան, որոնում եմ քեզ

Ուրվագծերում լուսածիրների,

Էդմոնն է ժպտում շուրթերով հրկեզ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Քե՜զ մոտ եմ գալիս, Արմեն Էլբակյան,

Ճեմում տողերում Կրտսեր Էդգարի,

Ինձ համբուրում է թատրոնի մուսան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Մարտիրոսի հետ դեկոր եմ քերում,

Եվ առնում համը խաչված մետաղի,

Վասպուրն հեքիաթի խնձորն է բերում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Քամին դարձել է Տիգրան Մանսուրյան,

Երկի՜նք է հունցում ՝ արև շուրթերին,

Մայթերին թափված ձայներ վեհության,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ Վերնիսաժի կտավների մեջ

Ես հավաքում եմ հուրքեր պահերի,

Այդդեղ է դառնում արյունս ջրվեժ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Գինեմշուշ է Սոսու սաղարթին,

Եվ Փետուր Գագոն կենաց է ասում,

Նրա լեռներից իմ սիրտն է հոսում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ Վարուժանն է Վարդանյան գալիս,

Այգին լցվում է խնկի բուրմունքով,

Նրա աչքերն եմ գրկում իմ սրտով,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Վաչե Պետրոսյան, քեզ եմ ողջունում,

Քո մեհենագիր ոգին անհունի,

Խաչքարալույս է քեզնից ճառագում, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ուզում եմ լինել գույնը Մինասի,

Ու լողալ նրա կարմիր-դդեղինում,

Նա կանաչ դաշտին երկինք կքսի,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ուզում եմ խոսքից շեղել Մալցևին,

Սուզվել աչքերում բյուրեղակապույտ

Եվ խմել նրա ներկերի գինին,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Նավել եմ ուզում կոլաժներիդ մեջ,

Արմեն Խոջոյան, լո՛ւյս ընկերների,

Սիրո և հացի տաճար ես անշեջ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Տիգրան Ավագի եթերն եմ ուզում,

Եվ ելևէջը նրա մեծ ձայնի,

Ուզում եմ ապրել նրա երազում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ուզում եմ գնալ Արարատի մոտ,

Հաղորդվել ոգուն Խանզադյան տոհմի,

Նրա նկարից բուրում է աղոթք,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Կռված տղերքի փառքերն եմ լսում,

Երբ որ գրկում եմ ճակատը Նալչի

Նա երբեք իրեն չի գերադասում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Թող պատկերների հորձանքում լողամ,

Ես ցա՜վը տանեմ նկարիչների,

Հոգիս լվանամ աչքերում Չոնչի,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Մի քիչ թռցնեմ պոպոպոքից Կըյոյի,

Գայուշից առնեմ կամուֆլյաժաբույր,

Նրա հմայքով դառնամ Ֆիդայի,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Սիմոնի նման գուրգուրեմ կանանց,

Համբուրեմ նրանց լույսը մատների,

Ու դառնամ սիրո ասպետը անանց,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Քամին հնչեցնի դաշնամուրը իր,

Շոպենը ճախրի աչքում Ռուդոյի,

Հաբեթը պատմի հեքիաթներ կարմիր, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Գարեջուր առնի Ներսիսյան Դավոն

Եվ փաստաթղթեր քեզ համար «սարքի»,

Բորիկը դարձնի հանդիպումը տոն,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Էդոն շողացնի հայացքներ մթնած

Գարուկյան Սաքոն գույներ նվագի,

Եվ արտասանի Լյովը խռպոտած,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Դավիթն Ասլիկյան բացի Սեղանը,

Բասկերի գինին մառանից հանի,

Թող նորից եռա հոգու հնձանը,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Սիմվոլներ մեկնի Մանասյան Գագոն,

Կոդերի ծածուկ խորհուրդը բացի,

Օղու շշերը դառնան երգեհոն,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իմ Սիփան Շիրազ, որտե՞ղ ես հասել,

Լույս է բողբոջել քո վրդովմունքին,

«Տխուր Վենետիկն» իմ մեջ է լցվել,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Քո երգն եմ խմում Սահակ Սահակյան,

Ու գողթան գինով հրդեհվում էլի,

Մեր հողն է բացել իր սիրտը վառման,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Օ՜, ո՜նց եմ սպասում քո գալստյանը,

Հրաչ Գալստյան՝ արքա կավերի,

Քո մեջ է ծփում իմ արյան ձայնը,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իմ Տապոռ Վահան՝ ագռավամորմոք,

Վերջին մոհիկան մեծ ինտելեկտի,

Քարանձավներն են քեզ տենչում բորբոք,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, Շահինյան Սամվել,

Շոյել ճակատդ թումանյանածիր,

Ժայռապատկերում քեզ նման հանվել,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Մեր ոգուց ծնված իմ արտիստ Վարդան,

Փափազ է կաթում քո բորբ աչքերից,

Կառափնարանից օրհնում է Լորկան, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Գալիս եմ քեզ մոտ Վահագ Մուղնեցյան,

Որ առնեմ բույրը քո աղոթքների,

Տո՛ւր ինձ «Տաբուի» կապույտ միստիկան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Օ՜, Մարտիրոսյան Արմեն անբեկուն,

Դու «սուպեռպոետ» մեր ժամանակի,

Քեզնով օղուս մեջ անուրջ է լցվում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իմ Իգնատ Մամյան, մռայլը ցրիր

Կես-լլուրջ կես-կկատակ քո պատումներով,

Բանաստեղծական էություն անծիր, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Օ՜, Գետառադարձ Ռոմիկ Սարդարյան,

Պոեզիան գույնն է արյանդ լույսի,

Թող միշտ արաղից քեզ պոկի Սվետան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Հրաչ Թամրազյան, բացիր քո հոգին,

Խոհապատկերի հմայիլդ տուր,

Պոեզիան մեզ հետ խմի ցմրո՜ւր, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Դավիթ Գասպարյան, գա՜վդ բեր կրկին,

Քեզ հետ Չարենցն ու Բակունցն են խմում,

Քո ասելիքից գինին է ցնծում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Բարեկիրթ ու վեհ իմ Աշոտ Խաչունց,

Թռիչք վեհության և անսահմանի,

Հիմա ռուս կանանց տալիս ես պաչունց,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Օ՜, բայրոնաշանթ Բագրատ Ալեքյան,

Բառակերտիչդ մեր նոր օրերի,

Քո մեջ կրում ես ավյունը ցասման,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Թո՛ղ որ իրարից անպակաս լինեն

Թաթուլ ու Վարդան, Վազգեն ու Նորիկ,

Նրանց տողերը բաժակում ծաղկեն,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ուզում եմ գրկել ստիխեր ոսկեման,

Վիրտուոզ գիրը Բեհլերյան Հրաչի,

Խմել բառերի նեկտարն արարման, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իմ մեջ անընդմեջ ինձ է ընդհատում

Գոռգոռաձայնը Զորիկ Թամրազի,

Նրա շուրթերով իր հայրն է ժպտում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Քո բորբ աչքերից, իմ պայծառ պոետ,

Հորդում է ոգին հայոց քանքարի,

Դու նարեկաձայն Վարդան Ֆերեշեթ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Մի քիչ հաց մնաց ու մի քիչ գինի,

Մեր սեղանն օրհնիր, Հրաչ Սարուխան,

Չգիտեմ կյա՞ նք է, թե՞ երազ հիմի,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իմ Ռուբո ախպեր Արիստակեսյան,

Թող մեզ բարևի մորուքն Ավոյի,

Բե՛ր, քո բռուցքը գրկեմ հավիտյան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Որտե՞ղ եք իմ Ցեց, Վարազ և կամ Բիջ,

Լուսեընկերներ իմ Չերեմուշկի,

Վունդեռքինդ Անդո՝ ջրմուղի գերի,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ու ... Դքի Նորո, Մասիվի Մամիկ,

Ու Սիրուն Ֆելո մեր Տրամվի պարկի,

«Գողական ճշտի» սրտեր թափանցիկ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ մեզնից առաջ ինչքա՜ն լավ տղերք

Լույսեր շաղ տվին էս փողոցներին,

Քաղաքը դարձավ սիրո տիեզերք,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Քեզնից հրեշտակի լույս է ճառագում

Օ՜, արծաթավարս իմ ուսուցչուհի,

Տետրակներիս մեջ թանաքն է ծաղկում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Առաջին համբույր և առաջին սեր,

Գիտեմ ՝ այլևս դուք չե՜ք կրկնվի,

Բայց դեռ պահում եմ անվարան հույսեր,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Այդպես չեն կորչում, չքանում անհուշ,

Ոչ ոք էս կյանքում չի ծնվում նորից,

Ա՜խ, ո՞ւր ես արդյոք խռովյալ Վանուշ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Հիշո՞ւմ ես արդյոք, Կարեն Մովսիսյան,

Կրքագգվանքը պառավ յարերի,

Մեր վայելումը Կոտդևուարյան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Արմոն է հեղում բաժակ թողության

Լուսահետքերին մեր անցած ճամփի,

Մացոն էլ գնաց, տրվեց իր կնգան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ձնած գագաթից Բոնդոն է իջել,

Բոյախն է բացել կարոտի օղին,

Իմ սենյակի մեջ սարերն են լցվել,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Թող, որ ետ դառնամ հուշերի շնչով,

Մոռանամ հևքը կրծող մտքերի,

Եվ հպարտ անցնեմ խոհերիս միջով,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ու «Ավանգարդի պադվալում» ընտրեմ

Դեմքեր հարազատ, եռքեր անտունի,

Օղեմշուշում ինքս ինձ փնտրեմ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Թող Վարդանիկը ասմունքի խրոխտ,

Նրան լսելուց խինկալին պաղի,

Զարնվեն իրար գավերն արևոտ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ ցայգալույսին հասնեմ դեպի փուռ,

Հացթուխ Վարսիկը ինձ աչքով անի,

Նա պուդրայի տեղ քսում է ալյուր,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ եզդի Շաքրոն մայթերը մաքրի,

Տենդոտ քստքստա ցախավելը չոր,

Քաղաքն արթնանա, ու բացվի նոր օր,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ջրցան ավտոներն անցնեն շքերթով,

Լվան մեղքերը խմած գիշերի,

Բաց կրպակները հորանջեն հերթով,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Կոշկակար Կարոն բուտկեն զարդարի

Ժուռնալից կտրած մերկ աղջիկներով,

Լուսիկ Քոշյանի համերգը զլի,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իսկ մանտյոր Հենդոն՝ մի շիշ արաղով

Հաշվիչների մեջ լենթեր մտցնի,

Թվերը հետ տա մի ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ախպար Օգսենը ածելին սրի

Եվ «շուշաթրաշ» անի անխտուտ,

Նրա պես չկա վարսավիր հմուտ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ ձկնավաճառ Լալան մրահոն

Իր ձկների հետ ժպի՜տ վաճառի,

Կանաչի ծախի չարբախցի Եղսոն,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Չարխի հայաթի հոլերը ֆռան,

Եվ «Ղայիշ լախտին» բորբոքվի ուժգին,

Հաղթելու անհագ տենչերը եռան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Գնչուհիները պարեն կրակոտ,

Գուշակեն անդարձ խաղերը բախտի,

Ամեն ինչ թողնեմ, գնամ նրանց մոտ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Երեկոն իջնի նազանքով քնքուշ,

Կապույտ սարերի զովերը բերի,

Քաղաքը լցվի բույրերով քնքուշ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ու ակորդեոնիստ Էդոն նվագի

Արգենտինական տանգոն սրտաբուխ,

Փողոցը դառնա ձայնի հրաբուխ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Ուստա Խաչիկը սև տաքսին քշի,

Ուր որ կամենամ, ինձ նիսյա տանի,

Վերջին լուրերը նրանից լսեմ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

«Արաքս» կաֆեի ռիթմը վնասեմ,

Գոհունակ կոնծեմ «Հրազդան» գինին,

Վերհարն ու Բոդլեր ֆրանսերեն ասեմ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Աֆիցյանտ Լուսոն քամակ խաղցնի,

Փայլի վավաշոտ, քայլի սիգաճեմ,

Եվ նրա համար ծեծկրտուկ սարքեմ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Հետո ինձ տանեն ոստիկանատուն,

Միլիցա Վաղոն իմ զահլեն տանի,

Իմ գլխին կարդա քարոզներ փքուն,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Անանց կարոտը թևերիս պահած

Ես վերադառնամ իմ մեջ վերստին,

Գնամ ինձ կանչող գինետունը բաց,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Հարբեմ ու ընկնեմ քնած փողոցը,

Հե՜րն էլ անիծած վաղվա հոգսերի,

Գնամ ու կորչեմ գրողի ծոցը,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Խոնարհմամբ գրկեմ ինձ սիրող կանանց,

Ինձ ատող կանանց սիրեմ ես էլի՜,

Նորեն խնկարկեմ կախարդանքը թաց,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Բոսորափրփուր ցոլանքում գինու

Շոյեմ մարմինը ջրահարսերի,

Իմ պատրանքներն են հրավառվելու,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Շուրթերս հպեմ կժի շուրթերին,

Վայելեմ բույրը կրքի լուսնահամ,

Գինեհեշտանքի դողից արբենամ,

-Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իռայի տեսքով հոգիս ժանեկեմ,

Եվ մայրամուտը հալվի ձեռքերիս

Երազանքներս նրանով ներկեմ, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Եվ վագրատոչոր աչքերում հալվեմ,

Շուշաններ ըմպեմ կրծքից Գոհարի,

Լարիսի դոշի դոշաբն համբուրեմ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Օղուց ծանրացած գլուխս կիզեմ

Մարմար ծնկներին Կոնդի Հասոյի,

Եվ ողորկության լույսեր համտեսեմ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Գինու մեջ պարող մասուրի նման

Լողա շուրթերիս ժպիտն Ալայի,

Նրա աչքերը թող թիթեռ դառնան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Գիշերն է երգո՜ւմ Ռուբեն Հախվերդյան

Եվ տանիքներով գլորում լուսին,

Բացվել է կրկին երազի ճամփան,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Իմ կրակ Լիլիթ, ո՞ւմ ես նվիրում,

Մարգարիտները մեր տաք հույսերի,

Ինձ, քո փոխարեն, աշունն է սիրում, -

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Այս քաղաքի մեջ՝ անվերջ դատարկվող,

Քե՜զ եմ որոնում Արա Վահունի,

Դու՝ խորհրդանիշ ու քայլող կոթող,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Աշխարհից լքված Հովիկ Ղազարյան,

Հանգավորում ես աշխարհը կրկին,

Դու ճերմակ տաճար բանաստեղծության,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Վերահաշվարկի՜ր, հաշվապահ Աշոտ,

Մնացորդները իմ երազների,

Թե որքա՞ ն ունեմ օրեր արևոտ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Տեսնես ո՞ ւմ մնաց իմ պապի տունը,

«Չարենց» փողոցում՝ սարքած խաս քարից,

Անդարձ վաճառվեց իմ մանկությունը,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Լցվել է ներսս թախիծի գույնը՝

Այս անթիվ, առատ բաժանումների,

Ցավից տնքում է հոգուս արյունը,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Խելագարվում եմ դատարկությունից,

Որտե՞ղ եք արդյոք գժեր մեր թաղի,

Իմ ծիծաղներից թափվում է թախիծ,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի:

Օղի չե՜մ խմում, այլ խմում եմ ինձ,

Եվ ձե՜զ եմ խմում, ընկերներ ազնիվ,

Իմ ձեռքերի մեջ քաղաքն է ժպտում,

Ես՝ վերջին հարբեցողն Էրեվանի: